Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն այսօր՝ հունիսի 2-ին, դռնփակ նիստում քննարկել է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս)  վարքը մի խումբ լրագրողների նկատմամբ: Էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել, որ Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ-ում հայ-ռուսական գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ, 2013-ի դեկտեմբերի 23-ին: Այդ օրը մի շարք լրագրողներ պաստառներով մտել էին ԱԺ նիստերի դահլիճ եւ պահանջել դեմ քվեարկել գազային համաձայնագրերին: Այդ ժամանակ Շմայսը բղավել էր. «Էս կապիկներին հանեք ըստուց»:

Պատգամավորը, ըստ դիմումատուների, անվայելուչ արտահայտություն է հնչեցրել նաեւ լրագրողական օթյակում բողոքի ձայն բարձրացրած մեկ տասնյակից ավելի լրագրողների հասցեին:

Պարզաբանումներ տված լրագրողները` ի պատասխան իրենց գործընկերների հարցերի, հրաժարվել էին մանրամասներ հրապարակել դռնփակ նիստից, հայտնելով, որ պետք է սպասեն հանձնաժողովի որոշմանը եւ ըստ այդմ հետեւություններ կանեն` չբացառելով, որ միգուցե հանդես կգան հայտարարություններով:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am