Իսրայելը, ի պատասխան իր տարածքների հրթիռային հրետակոծության, Գազայի հատվածի հարավային եւ կենտրոնական շրջանների ուղղությամբ օդային նշանառու հարվածներ է հասցրել: Հարվածների արդյունավոտությունը հաստատվել է. պաղեստինյան անկլավում գործող ահաբեկչական ենթակառույցներից երկուսը ոչնչացվել են: Հիշյալ տեղեկությունը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայակոչմամբ, Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն է տարածել:
«Իսրայելի պաշտպանության բանակի կողմից այսօր ձեռնարկված գործողությունը Գազայի հատվածում կենտրոնացված ահաբեկիչների կողմից Իսրայելի հարավային շրջաններում բնակվող քաղաքացիների նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի ուղիղ պատասխանն է», - հայտարարել է բանակի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Լերները` հավելելով, որ երկրի զինված ուժերը Իսրայելի պաշտպանությանն ուղղված իրենց պարտքն են կատարում եւ այսուհետ բացահայտելու եւ ոչնչացնելու են բոլոր նրանց, ովքեր նախահարձակ լինելու փորձ կանեն:
Վերջին 48 ժամերի ընթացքում Գազայի հատվածում գործող պաղեստինյան գրոհայինները Իսրայելի տարածի ուղղությամբ երկու հրթիռ են բաց թողել: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Վերլուծաբանները նշում են, որ ապրիլի 21-ից ի վեր Գազայի հատվածն առաջին անգամ է օդային հարվածների ենթարկվում:





























