Լիբիայի Բենգազի քաղաքում գեներալ Խալիֆ Հաֆթարայի ուժերի եւ ծայրահեղականների միջեւ դաժան բախումներ են ընթանում, որի հետեւանքով զոհվել է առնվազն 7, վիրավորվել 15 մարդ: Այդ մասին հայտնում են բժշկական աղբյուրները:

Հաֆթարը Բենգազիում «Լիբիայի արժանապատվություն» անվանումը կրող ռազմական գործողություն է սկսել մայիսի 16-ին՝ ընդդեմ արմատական իսլամիստների խմբավորումներ: Նրան հավատարիմ զորքերը մարտի են բռնվել տեղի բնակչությանն ահաբեկող ծայրահեղականների, այդ թվում «Անսար աշ-Շարիա» խմբավորման գրոհայինների դեմ:

Այս գործողությունները բոլորովին դուր չեն եկել կենտրոնական իշխանությունների իսլամամետ ներկայացուցիչներին, առաջին հերթին ժամանակավոր խորհրդարանի խոսնակ Նուրի Աբու Սահմեյնին: Նա այդ գործողությունը համարել է «հեղաշրջման փորձ»: