Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է. Լեռնային Ղարաբաղը չի կարող այժմվանից ավելի ցածր կարգավիճակ ունենալ, հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության  եւ  սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Արտակ Դավթյանը

Հիշեցնենք, Աստանայում մայիսի 29-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Նազարբաեւը հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակի մասին, որում կոչ էր պարունակվում Հայաստանը Եվրասիական միութունում ընդգրկել  միայն վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նորից ընդգծել էր ամենակարճ ժամանակում բոլոր  փաստաթղթերն ստորագրելու անհրաժեշտությունը` արհամարհելով Ալիեւի նամակի մասին լուրը: Հայկական կողմը նախընտրել էր չպատասխանել Ալիեւի նամակին:

Խորհրդարանականն ընդգծել է, որ Նազարբաեւին լսելը տհաճ էր, եւ այնուամենայնիվ, նիստն այն ձեւաչափով չէր, որտեղ կարելի էր քննարկել այդ հարցը: Նա հիշեցրել է, որ Ղազախստանն ու Ադրբեջանը կապված են առեւտրային  շահերով եւ հաճախ սերտ համագործակցում են միջազգային հարթակներում: «Ինչպիսին էլ լիներ հնարավոր արձագանքը, այդ իրավիճակում լավագույն պատասխանը լռությունն էր», - նշել է պատգամավորը՝  հավելելով, որ Ղազախստանն էլ վիճահարույց հարցեր ունի, սակայն կգա ժամանակը, Հայաստանը կպատասխանի արված հայտարարությանը: 

Պատգամավորը հիշեցրել է, որ գոյություն ունի  հայկական երկու պետություն: Հայաստանը բազմաթիվ կազմակերպությունների անդամ է եւ մտադիր էր Ասոցացման համաձայնագիր ստորագրել: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այն ինքնիշխանությունը հռչակել է հանրաքվեի ճանապարհով:  Իր հերթին Հայաստանը ԼՂ-ի անվտանգության երաշխավորն է, եւ բոլորը  լավ գիտակցում են, որ Հայաստանը եւ ԼՂ-ն միասնական տնտեսական տիրույթ են կազմում: 

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգումներն անվանելով փոթորիկ մեկ բաժակ ջրում` պատգամավորը նշել է, որ շուտով տեխնիկական հարցերը կլուծվեն: 

Պատգամավորն ընդգծել է, որ Աստանային ցանկացած պատասխան կարող էր ավելի շատ հարցեր եւ շահարկումներ առաջացնել: Ընդ որում՝ ցանկացած քննարկում կրելու էր  քաղաքականացված բնույթ` քննարկված ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներից դուրս: