Դաժան ծեծի հետեւանքով մայիսի 31-ին ծանր վիճակում Վանաձորից Երեւան է տեղափոխվել 58-ամյա Լյովա Հրանտի Բուլղադարյանը, որը «Վանաձոր» առողջարանի եւ ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջական գործակալության Լոռու մարզային կենտրոնի պահակն է։
NEWS.am-ի՝ Լոռու մարզի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանության նախնական տվյալով, դեպքը տեղի է ունեցել կեսգիշերն անց՝ 00։30-ի մոտ։ Արնաշաղախ պահակին առավոտյան 06։30-ի սահմանում նկատել է առողջարանի տարածքում վազող մի աղջիկ եւ ահազանգել ոստիկանություն։ Լյովա Բուլղադարյանը մի քանի ժամ մնացել է պահակակետի մոտ գետնին ընկած, նա մեծ քանակությամբ արյուն է կորցրել։
Օերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցները կատարվածի առնչությամբ ձերբակալել են 24-ամյա Բենիկ Սամվելի Ալեքսանյանին, որը նախնական վարկածով եղել է ալկոհոլի ազդեցության տակ, փնտրել է իր ընկերներին։
Երեւանի Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ Լյովա Բուլղադարյանի վիճակը ծանր է։ Նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային ծանր տրավմա։
Ժան Գալստյան





























