Հարեւան խանությունների սուլթանները միմյանց նամակներ են գրում ու հրապարակում, եւ դա մտահոգիչ չէ, քանի որ Ադրբեջանն ու Ղազախստանը նույն արժեհամակարգ կրող երկրներ են: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, մամուլի ասուլիսում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Նա կարծիք է հայտնել, որ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունը, թե Հայաստանը պետք է Եվրասիական տնտեսական միություն մտնի առանց Ղարաբաղի, ոչ մի ազդեցություն չունի: «Եթե Ղարաբաղը դե յուրե ընդունված չի Հայաստանի կողմից որպես անկախ, Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունը ոչ մի ազդեցություն էլ չունի»,-ընդգծել է ԲՀԿ-ական պատգամավորը:
Իր հերթին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ նշել է, որ ԵՏՀ-ն տնտեսական միություն է, իսկ տնտեսական միությունները չեն կարող քաղաքական հարցեր լուծել, այդ թվում Ղարաբաղի հարցը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























