Հրթիռակոծության հետեւանքով Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերում հունիսի 1-ի երեկոյան եւ այսօր ցերեկը վիրավորվել են եւս երեք հայ: Հալեպում ՀՅԴ գրասենյակի մամուլի ծառայությունը փոխանցում է, որ վիրավորվել են Հարություն Իսկանյանը, Ստեփան Առուշյանը եւ Զարեհ Ղազարյանը:
Հրթիռակոծության եւ ռմբակոծության հետեւանքով վնասվել է հայկական «Զվարթնոց» եկեղեցին, ինչպես նաեւ հայկական դպրոցները: Նշվում է, որ ինտենսիվ հրաձգության է ենթարկվում նաեւ հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 1-ին Հալեպի հայաբնակ թաղամասերի հրթիռակոծության արդյունքում վիրավորվել է Զարեհ Կահկեչյանը:
Հիշեցնենք, որ նախքան արյունահեղ իրադարձությունները Սիրիայում 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց մեծ մասը Հալեպի բնակիչներ էին, սակայն հայաբնակ թաղամասեր կային նաեւ այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Լաթաքիան, Հոմսը, Քամըշլին, Հասակեն, Յակուբիեն, Քեսաբը եւ իհարկե` մայրաքաղաք Դամասկոսը:





























