Լեռնային Ղարաբաղը չի մտնելու Մաքսային միություն, որովհետեւ իրավական տեսակետից Լեռնային Ղարաբաղը աշխարհի կողմից ընդունված պետություն չի: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում հայտարարել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:
Դիտարկմանը, որ նախկինում ՀՀԿ-ի ներկայացուցիչները բազմիցս նշել են, թե Ղարաբաղն ու Հայաստանը մեկ տնտեսական տարածք են լինելու, Գալուստ Սահակյանը արձագանքելն է. «Որպես Հայաստանի մաքսային տարածք, բնականաբար, Ղարաբաղը նույն կարգավիճակով կլինի, ինչ որ այսօրվա գործառույթներն են: Այսինքն այն պատկերը, որ Ղարաբաղում մաքսակետ կլինի և այլն, և այլն, նման խնդիրների չի կարող լինել»:
Հարցին, թե նշանակում է արդյոք իր ասածը, որ ԼՂ-ն դե ֆակտո կմտնի Մաքսային միություն, իսկ դե յուրե` ոչ, Սահակյանը պատասխանել է. «Իհարկե: Նրա ամբողջ ապրանքաշրջանառությունը, ներդրումները, բոլորը… ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում կլինեն»:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երիտասարդ ՀՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»:




























