Ուկրաինայում գործարար Շաբաբ Ալոյանի սպանության համար ցմահ ազատազրկված Մերաբ Ալոյանի հարազատները դիմել են դատարան, որպեսզի Մերաբին տեղափոխեն Հայաստան՝ այստեղ պատիժը կրելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ցմահ ազատազրկման դատապարտվածի բարեկամները:

«Քանի որ Մերաբ Ալոյանի հարազատները չեն կարողանում գնալ Ուկրաինա եւ այնտեղ տեսնել նրան, դրա համար դիմել ենք դատարան, որպեսզի նրան տեղափոխեն Հայաստան: Այստեղ ամեն դեպքում ավելի հեշտ կլինի գնալ կալանավայր եւ տեսնել Մերաբին: Հույս ունենք, որ այս հարցում Հայաստանի իշխանություններն էլ մեզ կօգնեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այս պահին Մերաբ Ալոյանի առողջական վիճակը ծանր է: Հարազատները համոզված են, որ Մերաբը միկրոինսուլտ է ստացել, սակայն բժիշկները հրաժարվում են համապատասխան բուժօգնություն ցուցաբերել:

«Ընդամենը բուժքույր կա, որը միայն ջերմություն ու ճնշում չափել գիտի, իսկ Մերաբի ձեռքը թուլացած է, ճնշումը շատ բարձր է, սակայն նրան հիվանդանոց չեն տանում: Իսկ չեն տանում, որովհետեւ սպանվածի հարազատներն են այդպես պահանջում, ուզում են էնպես անել, որ Մերաբի ամբողջ ունեցվածքը մնա հենց իրենց, չնայած իրենց էլ մնում է էլի: Մերաբի ընտանիքն արդեն չորս տարի մեկ դրամ չի ստացել»,- ավելացրեց Ուկրաինայում ազատազրկվածի բարեկամուհին:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Մերաբ Ալոյանը Ուկրաինայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը պլանավորելու եւ իրականացնելու համար: Փաստաբանները վճիռը բողոքարկել էին Ուկրաինայի Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, սակայն վճիռն անփոփոխ էր մնացել: Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպությունները պնդում են, որ Մերաբ Ալոյանի կյանքին կալանավայրում վտանգ է սպառնում: