Լոռու մարզի Միխայլովա գյուղի բնակիչներ Սամսոն Խ-ն եւ Ռեհան Պ.-ն մեղադրվում են ծեծկռտուք սարքելու եւ միմյանց ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

 Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 6-ին ժամը 09:00-ի սահմաններում: Սամսոնը կենցաղային հողի վրա վիճաբանել է հարեւանուհի Ռեհան Պ.-ի հետ: Վիճաբանության ժամանակ մետաղյա ձողով հարվածել է նրա գլխին` դիտավորությամբ պատճառելով թեթեւ մարմնական վնասվածքներ: Ռեհանն էլ իր հերթին վիճաբանել է հարեւանուհի Ռոզա Տ.-իի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել, ձեռքով հարվածներ հասցրել նրան, քաշքշել, որի հետևանքով դիտավորությամբ Ռոզային պատճառել է ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ:

Ռեհան Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Սամսոն Խ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Երկուսի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: