Եթե Հայաստանի կառավարող վարչախումբը շարունակի ոչ համարժեք արտաքին քաղաքական կուրսը, հանրապետությունում իշխանափոխություն կլինի, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ չի կիսում պարտվողական տրամադրությունները հայկական կողմի ենթակայության տակ գտնվող տարածքների հանձնման կամ ղարաբաղյան հակամարտությունում այլ զիջումների վերաբերյալ, քանի որ իշխանությունները միանձնյա չեն լուծում նման հարցերը:
«Տարածքները հանձնել կամ չհանձնելը իշխանությունների կամքից կախված չէ, այլ ժողովրդի կամքից: Իսկ Հայաստանի ժողովուրդը, ինչպես հայտնի է, առանձնապես չի վստահում իշխանություններին, այնպես որ կառավարող վարչախումբն իրավասու չէ միանձնյա լուծել նման հարցերը»,-ընդգծել է Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ բոլորովին այլ տպավորություն է ձեւավորվում միջազգային հանրության մեջ, որը, ելնելով Երեւանի ոչ համարժեք քաղաքականությունից եւ տարատեսակ զիջումների գնալու պատրաստակամությունից, ձգտում է ճնշել Հայաստանի վրա՝ հասնելու ցանկալի արդյունքների: «Այդ կապակցությամբ կանխատեսում են, որ միջազգային ճնշումը Ղարաբաղի հարցում կաճի: Սակայն կրկնվեմ, ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ իշխանությունների պատրաստակամությունը չեն կարող ստիպել հայ ժողովրդին համաձայնվել մեր շահերին հակասող փոխզիջումներին, նման դեպքերում կա այլ՝ բոլորին հայտնի ելք»,- նկատել է Հովհաննիսյանը:




























