Գյումրու անօթեւան ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինությունը առնվազն մեկ տարով էլ հետաձգվեց: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանը:
«Այս տխուր, եթե չասեմ գյումրեցի անօթեւան առնվազն 430 ընտանիքներին հուսահատության մատնող լուրը ՀՀ քաղշիննախարարությունում այսօր կայացած հանդիպման ընթացքում հայտնել է փոխնախարար Արմեն Ղուլարյանը»,- գրել է նա:
Նախարարության նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ «Շիրակ կենտրոնի» ղեկավարը ներկայացրել է Գյումրու վագոն-տնակներում պատսպարված հարյուրավոր անօթեւան ընտանիքների կացարանային եւ սոցիալ-տնտեսական ծանր վիճակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել եւ մտքեր են փոխանակվել աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով դեռեւս անօթեւան մնացած ընտանիքների կացարանային խնդիրների լուծման ուղիների, ինչպես նաեւ բոլոր անօթեւան ընտանիքների վերահաշվառում իրականացնելու անհրաժեշտության մասին:





























