Եգիպտոսում 25 դոլարի չափով ելքային հարկ է սահմանվել օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Տուրիզմի նախարարությունում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին փոխանցել էին, որ այս օերնքն ուժի մեջ է հունիսի 1-ից եւ վերաբերում է բացառապես Կահիրեի միջազգային օդանավակայանից մեկնողներին:
Ընդ որում Եգիպտոսի ներքին ավիաուղիներով մայրաքաղաքից երկրի այլ քաղաքներ մեկնող արտասահմանցիները պետք է վճարեն միայն 4 դոլար: Գերատեսչությունում նշել են, որ այս նորամուծությունը ընդունվել է մայիսի վերջին` քաղաքացիական ավիացիայի նախարարության կողմից: Հարկը չի տարածվում Հուրգադայում, Շարմ էլ-Շեյխում եւ կուրորտային այլ քաղաքներում հանգստացողների վրա:
Հատկանշական է, որ մայիսի 1-ից Եգիպտոսի իշխանությունները բարձրացրել են մուտքի վիզայի արժեքը` 15 դոլարից մինչեւ 25 դոլար: Այդպիսով, Կահիրեով ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկները ստիպված են ժամանելու եւ մեկնելու ժամանակ վճարել 50 դոլար:





























