ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հայտարարությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու անհրաժեշտության մասին: Այդ մասին Ուորլիքը գրել է Twitter-ի իր էջում:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերը հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր` խաղաղության հաստատման նպատակին ուղղված կառուցվածքային բանակցությունների գործընթացի մեկնարկ նշանավորող հանդիպում կազմակերպել: Բացի այդ, նա կողմերին հրադադարի պահպանումն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները հետեւողականորեն իրականացնելու կոչ է արել:





























