Եվրոպայի եւ ԱՄՆ-ի զինծառայողների ընդլայնված զորակազմը պետք է ներկա լինի Լեհաստանում, CNN-ին հայտնել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Ավելի վաղ Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ն ավելացրել էր իր ներկայությունը Ռուսաստանի հետ սահմանին՝ ամերիկյան 150 դեսանտայիններից կազմված վաշտ ուղարկելով Լեհաստան, նշում է հեռուստաալիքը:
«Մենք ուրախ կլինենք զինվորների մեծ թվի ներկայությանը՝ ինչպես Եվրոպայից, այնպես էլ ԱՄՆ-ից»,- ասել է Սիկորսկին՝ հավելելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների տարածքում անվտանգության մակարդակը պետք է շատ թե քիչ հավասար լինի:
«Ներկա դրությամբ մենք ունենք ՆԱՏՕ-ի կայաններ, որոնք ժառանգություն են մնացել սառը պատերազմից, սակայն դրանք այն վայրերում են, որտեղ հարկավոր էր գտնվել ԽՍՀՄ-ի հետ հակամարտության ժամանակ, սակայն հաշվի չեն առնվել անցած քառորդ դարի դեպքերը»,- բացատրել է Սիկորսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Deutsche Welle-ի տվյալով՝ Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին Լեհաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնված զորակազմի տեղակայման թեման այս շաբաթ կքննարկվի Դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում: Նման խնդրանքով դիմել էր Լեհաստանը՝ հիմնավորելով, որ Ռուսաստանի կողմից վտանգ է զգում:





























