Այսօր մեկնարկել են 2014 թվականի միասնական ընդունելության քննությունները: Այդ կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Երեւանի պետական համալսարան՝ հանդիպելու «Կենսաբանություն» առարկայից միասնական քննություն հանձնող դիմորդներին եւ ծանոթանալու քննության անցկացման ընթացակարգին:

Երկրի վարչապետը հաջողություն է մաղթել երեխաներին եւ ընդգծել, որ արվելու է ամեն ինչ՝ արդարություն ապահովելու համար: «Մեր նպատակն է արդար մրցակցություն ապահովել: Մենք վերահսկելու ենք, որ ամեն ինչ լինի օրենքի շրջանակում: Ով գիտելիք ունի, մեզ մոտ բարձր գնահատական ունի: Մաղթում եմ, որ ձեր գիտելիքներն ազատ, համարձակ ցուցաբերեք եւ հաջողության հասնեք», - նշել է կառավարության ղեկավարը:

Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ եւ ուսանողների մասնակցությամբ բացվել են 2014 թ. «Կենսաբանություն» առարկայի միասնական քննության թեստերի փակ ծրարները: Մոտենալով քննական շենքի բակում հավաքված ծնողներին՝ վարչապետը համբերություն է մաղթել նրանց եւ հորդորել ցանկացած մտահոգության, անարդարության պարագայում անհապաղ հայտնել իրեն: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ այդպիսի դեպքերի արձանագրման ժամանակ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը կարեւորել է պետության կողմից քննական գործընթացում արդարության ու թափանցիկության ապահովումը, ինչը թույլ կտա ազնիվ եւ արդար մրցակցության պայմաններ ստեղծել: Պետության նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր ուսանող կրթություն ստանալու հնարավորություն ունենա՝ անկախ սոցիալական պայմաններից: