Բջջային հեռախոս գողանալու համար Մոսկվայի քննչական մեկուսարաններից մեկում արդեն մեկ ամիս է` անչափահաս օտարերկրացու են պահում: Փաստը անգամ մեկուսարանի աշխատակիցներին է տարակուսանք պատճառում: Նրանց խոսքով, համաձայն ՌԴ քրեական օրենսգրքի, քրեական պատասխանատվությունը 16 տարեկանից է ուժի մեջ մտնում: Իսկ լուրջ հանցագործության պարագայում` 14 տարեկանից: Սակայն հունգարական ծագում ունեցող ուկրաինացին` Տոմաշը, ընդամենը 13 տարեկան է: Այդուհանդերձ, բանտային մասնագետները, ուսումնասիրելով տղայի ատամներն ու սեռական օրգանները, եկել են այն եզրահանգման, որ նա առնվազն 16 տարեկան պետք է լինի: 

Երեխայի մորաքրոջ կողմից ներկայացված փաստաթղթերը մայրաքաղաքի իրավապահների համար փաստարկ չեն ծառայում: Ծննդյան վկայականում գրված է, որ Տոմաշը 2001թ. ապրիլի 19-ին է ծնվել: Բացի այդ, տղան պնդում է, որ բջջային հեռախոսը ընկերուհին է գողացել, ինքն էլ պարզապես վերցրել է նրա ձեռքից` տեսնելու համար, թե ինչ հեռախոս է, հաղորդում է «Յուժնի Ֆեդերալնի» գործակալությունը:

Բանտապահներն ասում են, որ անչափահասը խաղաղ ու հանգիստ երեխա է: Կոնֆլիկտների մեջ չի մտնում: Բացի այդ, սովորաբար նման հանցագործության համար ընդամենը տնային կալանք է սահմանվում: