Ռուսական մամուլը մանրամասներ է հայտնում Տյումենում ադրբեջանցիների կազմակերպած Լինչի դատաստանի մասին:
Հաղորդվել էր, որ մայիսի 29-ին ծանր վիճակում մարզային 2-րդ հիվանդանոց էր տեղափոխվել Ադրբեջանի քաղաքացի Աթաշ Ղուրբանովը, որի կյանքը փրկել չէր հաջողվել: Հայրենակիցները ընկերոջ մահվան մասին իմանալով ավերածություններ էին գործել ընդունարանում:
Այդ պահին հիվանդանոց եւս մեկ վիրավորի էին բերել. ջարդարարները ճանաչել էին կռվի մյուս մասնակցին: Գազազած ամբոխը հարձակվել էր վերջինիս վրա եւ դանակը խրել նրա գանգը: Երիտասարդը տեղում մահացել էր, հաշվեհարդար տեսնողներն էլ փախել էին դեպքի վայրից:
Պարզվել է, որ ուրբաթ լույս շաբաթ օրվա գիշերը 3 ինգուշներից եւ վրացական ծագմամբ մեկ չեչենից բաղկացած խումբը հարբելիս է եղել «Բաքու» սրճարանում: Հաշիվը փակելու ժամանակ նրանք մատուցողին բանկային քարտ են տվել, սակայն հաստատությունում տերմինալ չի եղել: Տղամարդիկ վրդովվել են եւ իրենց դժգոհությունը հայտնել մատուցողին: Զրույցին միջամտել է Աթաշ Ղուրբանովը (ըստ աղբյուրի՝ սրճարանի տերերին մոտ կանգնած մարդ): Կռիվ է սկսվել, գործի է դրվել սառը զենքը:
Ուշագրավ է, որ ոչ ՆԳՆ, ոչ էլ տեղի քննչական վարչության մամուլի ծառայությունը ոչ մի պաշտոնական տեղեկություն չեն հայտնում: Հիվանդանոցում եւս դեպքը չեն մեկնաբանում:




























