Պարզվում է, որ Ղազախստանի նախագահ Նազարբաեւն է Հայաստանում հանրային քննարկում անցկացնում, որովհետեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միայն նրա հայտարարությանն է պատասխանում։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ հրավիրված հանրային քննարկման ժամանակ ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
«Մենք սեպտեմբերի երեքից այսքան խոսում ենք, սակայն Սերժ Սարգսյանը մեզ չի պատասխանում, իսկ հենց Նազարբաեւը մի բան ասաց, նախագահը եկավ Հայաստան եւ արագ արձագանքեց։ Ես ուրախ եմ նրա համար, որ երեկ իմացա, որ Մայդան բառը ղազախերենում էլ կա, սա շատ հուսադրող է»,- ասաց նա։
Արթուր Սաքունցը համոզված է, որ այս դեպքում Հայաստանում էլ իրավիճակը փոխելու համար պետք է ոտքի կանգնի քաղաքացիական հասարակությանը։ «Մեզ մոտ այնպիսի վիճակ է, որ նույնիսկ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումն է հնարավոր դառնում։ Այստեղից էլ առաջանում է իրավիճակ, որտեղ հնարավոր է՝ մարդկային զոհերից չխուսափենք, սակայն մենք չպետք է այլախոհության հասնենք»։
Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի ավարտին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մինչեւ հունիսի 15-ը միանալու հարցը քննարկման դնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ամենակարճ ժամկետներում Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել:




























