Ռուսաստանը ճնշում է Ադրբեջանին՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին հրավիրված հանրային քննարկման ժամանակ ասաց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։
«Ադրբեջանցի մեր գործընկերների փոխանցմամբ՝ Ռուսաստանը ճնշում է Ադրբեջանին, որպեսզի նրանք էլ մտնեն Եվրասիական տնտեսական միության մեջ։ Իհարկե, սա նշանակում է, որ վտանգի տակ է դրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցը»,- ասաց նա։
Վարուժան Հոկտանյանը համոզված է, որ այս հարցը լուծել կարող է միայն քաղաքացիական հասարակությունը։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ չի հասկանում, թե ինչպես է Սերժ Սարգսյանը պաշտպանում Հայաստանի շահերը, եթե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է՝ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, իսկ մեր միջեւ դրվելու են մաքսակետեր։
«Սեպտեմբերի 3-ի խոսակցությանների տողատակին անվտանգության հարցն էր եւ Արցախի պաշտպանության հարցը։ Հասարակության մի մասն ասում էր՝ թող ԼՂՀ-ի հարցը մենակ լուծվի, ջհանդամ, թե Մաքսային միություն ենք մտնում։ Մյուս մասս էլ համոզված էինք, որ Մաքսային միությանն անդամակցելով՝ Արցախի հարցը չի լուծվելու։ Երբ մայիսի 29-ին Նազարբաեւը նման բան հայտարարեց, բոլորս համոզված էինք, որ Սերժ Սարգսյանը համաձայն չէր այդ հայտարարության հետ, մտածեցինք՝ դե մարդ է, ջղայնացած է, սեղանի ոտքն է կոտրել, հետո իր խոսքը կասի, բայց երկու օր հետո ասում է, թե ինքն էլ է համաձայն Նազարբաեւի եւ Ալիեւի հետ։ Սերժ Սարգսյանի ելույթից հետո էլ հանրապետականները փոխեցին իրենց նախկինում ասված մտքերը, որ համապատասխանեն հոսանքին»,- ավելացրեց նա։
Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ ժամանակն է, որպեսզի խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցություններն իրենց խոսքն ասեն, սակայն այս դեպքում էլ բանախոսը հասկանում է, որ քառյակն իրենց կարծիքը կասի «նոյեմբերի 32-ին»։
Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի ավարտին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մինչեւ հունիսի 15-ը միանալու հարցը քննարկման դնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ամենակարճ ժամկետներում Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել:




























