Եվրամիությունը քաղաքացիական հասարակության եւ քաղաքական բազմակարծության զարգացման, օբյեկտիվ տեղեկատվության հասանելիության բարելավման ուղղությամբ աշխատող հիմնական դոնորներից մեկն է: Հայտարարությունը հունիսի 3-ին, «Հայաստանում ժողովրդարական կառավարման աջակցություն» ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան է հնչեցրել` նշելով, որ ծրագիրը Բրիտանական խորհրդի հետ համատեղ է իրականացվում:
«Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունները երկրի ազգային քաղաքականության սատարմանը միտված լուրջ բարեփոխումների, ինչպես նաեւ քաղաքական աջակցություն մոբիլիզացնելու համար կարեւոր շարժիչ ուժ են ծառայում: Քաղաքացիական հասարակությունը եւ ոչ պետական կազմակերպություններն աստիճանաբար ավելի մեծ դեր են խաղում ազգային որոշումների ընդունման օրինականության եւ թափանցիկության բարձրացմանը միտված գործընթացներում», - նշել է դեսպանը: Նրա համոզմամբ, չնայած «Արեւելյան գործընկերություն» ծրագրի բոլոր մասնակից երկրները հենց դրան են ձգտում, քաղաքացիական հասարակության տրամադրության տակ գտնվող մեխանիզմները դեռեւս սահմանափակ են: «Հայաստանում հետեւյալ տենդենցները կարելի է գրանցել. չնայած երկրի քաղաքական կյանքին քաղաքացիական հասարակության մասնակցությունն աճում է, այդուհանդերձ, այդ մասնակցությունն իր շրջանակի մեջ շարունակում է սահմանափակ մնալ», - նկատել է եվրոպացի դիվանագետը` հավելելով, որ ԵՄ-ի համար առաջնային հարց է համարվում նաեւ լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմի բարձրացման խնդիրը:
Նշենք, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ժողովրդավարական կառավարման աջակցություն» ծրագիրը 18 ամիս է տեւելու եւ 949670 եվրոյի չափով բյուջե ունի: Հայաստանի` ԵՄ-ին մերձեցման գործընթացի խթանմանը եւ ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը միտված ծրագրի գործընկերներն են քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամը, ինչպես նաեւ Գրանդ Թորնթոնի եւ Թոմսոնի հիմնադրամները:





























