ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լեհաստան է ժամանել. ամերիկյան առաջնորդին սպասարկող ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարշավայի «Օկենչե» զինվորական օդանավակայանում, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»:
Օբամային դիմավորելու նպատակով օդսնավակայան է ժամանել Լեստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Երկու երկրների առաջնորդները օդանավակայանի տարածքում F-16 կործանիչների լեհ եւ ամերիկացի օդաչուների հետ հանդիպում կունենան:
ԱՄՆ նախագահը բանակցություններ կվարի Կոմորովսկիի հետ, այնուհետեւ երկրի վարչապետ Դոնալդ Տուսկին կհանդիպի: Այցի կենտրոնական հանդիպման մասնակիցները Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների առաջնորդներն են լինելու: Ակնկալվում է, որ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական ճգնաժամը եւ Ռուսաստանի` Ուկրաինայի հանդեպ դիրքորոշումն է լինելու: Քննարկվելու են նաեւ տարածաշրջանային, այդ թվում` էներգետիկ անվտանգությանը եւ Հյուսիսատլանտյան դաշինքի` սեպտեմբեր ամսին կայանալիք գագաթաժողովին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Չորեքշբաթի օրը Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպում է նախատեսված: Այնուհետեւ ԱՄՆ-ի եւ Լեհաստանի նախագահները Վարշավայի «Զամկովի» հրապարակում 1989թ. Լեհաստանում անցկացված առաջին մասամբ ազատ խորհրդարանական ընտրությունների 25-րդ տարեդարձի առթիվ ելույթով հանդես կգան: Տոնակատարություններին նաեւ Ֆրանսիայի, Գերմանիայի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Լիտվայի եւ Լատվիայի նախագահներն են մասնակցելու: Ներկա կլինեն շուրջ 40 երկրների պատվիրակություններ:





























