Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու է միայն ու միայն Ադրբեջանի վրա ազդելու համար, սա է Ռուսաստանի ծրագիրը։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, հանրային քննարկման ժամանակ ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
«Հայաստանը այնտեղ պետք է Ադրբեջանի վրա ազդելու համար։ Վերջերս Ադրբեջանը շատ ագրեսիվ եւ բացասաբար է պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ամերիկյան կողմի արձագանքներին, որովհետեւ ռուսական կողմն ավելի շահավետ հայտարարություն արեց՝ ասելով, թե Հայաստանի սահմանները սրանք են, իսկ մնացածն Ադրբեջանին են։ Սա շատ ձեռնտու հայտարարություն էր Ադրբեջանի համար։ Ի տարբերություն Բելառուսի եւ Ղազախստանի՝ Հայաստանը սեպտեմբերի 3-ից դե ֆակտո ռուսական կայսրության մի մասն է, ուզենք, թե չուզենք այդպես է։ Մի բան էլ հիշեք միշտ՝ Ռուսաստանը երբեք Հայաստանի համար անվտանգության երաշխիք չի եղել եւ չի էլ լինելու»,- ասաց նա։
Հանրային քննարկմանը հրավիրված քաղաքագետներին եւ փորձագետներին հետաքրքրում է, թե արդյոք Հայաստանն իսկապես կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ չանդամակցելու այս կառույցին, միեւնույն ժամանակ իշխանություններն այդ հնարավորությունները չեն օգտագործի։ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով էլ՝ Ղազախստանը, Բելառուսն ու Ռուսաստանը չգիտեն, թե Հայաստանը մտնի, թե չմտնի։
«Միգուցե պետք է Միկոյանի փոխարեն Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի արձանները տեղադրեն Հայաստանում։ Հայաստանը պաշտոնապես խնդրում է, որ մտնի Եվրասիական տնտեսական միության մեջ, սակայն նվաստացուցիչ է դա, որովհետեւ մյուս երկրները չգիտեն, թե Հայաստանը մտնի, թե չմտնի։ Եթե չդառնա անդամ, ապա դա կարվի ողորմելի ձեւով»,- նշեց Իշխանյանը։
Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի ավարտին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մինչեւ հունիսի 15-ը միանալու հարցը քննարկման դնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ամենակարճ ժամկետներում Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել:





























