«Հայաստանում ժողովրդավարական կառավարման աջակցություն» ծրագիրն իր 4 բաղադրիչներով քաղաքացիական հասարակության զարգացմանն է նպաստելու. այն հասարակական կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը եւ ազատ ու բազմակարծիք լրատվամիջոցների աջակցմանն է միտված: Հայտարարությունը հունիսի 3-ին, «Հայաստանում ժողովրդարական կառավարման աջակցություն» ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությանը, Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն է հնչեցրել:
Նրա խոսքով, արդարադատության նախարությունը գնահատում է միջազգային գործընկերների, մասնավորապես` երկրում ԵՄ պատվիրակության հետ համագործակցության կարեւորությունը: «Եվրամիությունը Հայաստանի` երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ արդարադատության համակարգի արդյունավետ ներդրմանը ակտիվորեն նպաստող գործընկերներից մեկն է: Այդ տեսանկյունից հատկապես մեծ է ժողովրդավարական ինստիտուտներին եւ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելու լայն հնարավորութուն ընձեռող` ժողովրդավարական կառավարման զարգացմանն ուղղված ծրագրի նշանակությունը», - ընդգծել է նախարարը:
Նշենք, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ժողովրդավարական կառավարման աջակցություն» ծրագիրը 18 ամիս է տեւելու եւ 949670 եվրոյի չափով բյուջե ունի: Հայաստանի` ԵՄ-ին մերձեցման գործընթացի խթանմանը եւ ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը միտված ծրագրի գործընկերներն են քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամը, ինչպես նաեւ Գրանդ Թորնթոնի եւ Թոմսոնի հիմնադրամները:
Ծրագիրը չորս բաղադրիչ ունի: Իրականացվելիք աշխատանքներն ուղղված կլինեն
1. Հասարակական կազմակերպությունների համար իրավական եւ ֆինանսական շրջանակների ստեղծմանը
2. Քաղաքացիական հասարակության ներուժի ավելացմանը
3. Լրատվամիջոցների պրոֆեսիանալիզմի բարձրացմանը
4. Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:





























