Աբխազիայի իշխանությունները վրացական հատուկ ծառայություններին մեղադրել են աբխազցի մաքսայիններով մեքենայի վրա կրակելու համար։ Ինչպես հայտնում է ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ավտոմեքենայի վրա կրակելու արդյունքում աբխազական մեկ մաքսավոր զոհվել է, երկուսը վիրավորվել են։

Մաքսավորների մեքենան գրեթե հասած է եղել վրաց-աբխազական սահմանի մոտ գտնվող Սաբերիո գյուղում տեղակայված մաքսակետ, երբ վրացական կողմից ինքնաձիգներից կրակել են մեքենայի վրա։ Մաքսակետի աշխատակիցները պատասխան կրակ են բացել, սակայն նրանց վրա կրակողները հասցրել են փախուստի դիմել։ Արդյունքում մաքսակետի աշխատակից Գենադի Կվինցինիան զոհվել է, նրա երկու ընկերները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուխումի հանրապետական հիվանդանոց։