Ադրբեջանին զենք մատակարարելով՝ Ռուսաստանը Հայաստանին ստիպում է ենթարկվել Կրեմլի ցանկացած որոշմանը, հունիսի 3-ի մամուլի ասուլիսում նման տեսակետ է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով հետխորհրդային տարածքում Մոսկվայի վարած քաղաքականությունը:
Ըստ նրա՝ այսկերպ Երեւանի վրա ճնշում գործադրելու ուժեղագույն լծակ է ստեղծվում, քանի որ ազգային անվտանգության համար ուղղակի սպառնալիք է ծագում: «Բացի այդ, մենք զրկվում ենք պահանջներ ներկայացնելու իրավունքից: Սա ակնհայտ է: Չէ որ ոչ ոք բարձրաձայն չի ասում՝ ինչու Կրեմլը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, ինչու է մեծ քանակությամբ զենք վաճառում մեր հակառակորդին, ինչու է խոչընդոտում Իրանի հետ տնտեսական կապերի զարգացմանը», - նշել է փորձագետը: Նա նաեւ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Ադրբեջանին զենք վաճառելով Մոսկվան ամրապնդում է երկկողմ կապերը՝ դրանով Բաքվին զերծ պահելով Արեւմուտքի ազդեցությունից:
Հիշեցնենք, Ադրբեջանի ՊՆ-ն ակտիվորեն ռուսական զենք է գնում: 2010 – 2012թթ. Ռուսաստանն այդ երկրի հետ ավելի քան 4 մլրդ դոլարի զենք մատակարարելու պայմանագրեր էր կնքել:





























