Երեւանի թիվ 62 ավագ դպրոցում «Կենսաբանություն» առարկայից միասնական ընդունելության քննություն հանձնելու ժամանակ այսօր՝ հունիսի 3-ին, դիմորդներից երեքի ինքնազգացողությունը վատացել է և նրանք ընդհատել են քննությունը:
Այս մասին NEWS.am-ին ասաց քննական կենտրոնի ղեկավար Էդվարդ Սանթրոսյանը:
«Քննությունն անցել է շատ հանգիստ վիճակում, մենք դիմորդների կողմից ոչ մի խախտում չենք արձանագրել, մեր կողմից էլ ոչ մի խախտում չի արձանագրվել, որեւէ դիմորդ չի հեռացվել քննությունից, միայն երեք դիմորդ վատ ինքնազգացողության պատճառով ընդհատել է քննությունը»,-ասաց Էդվարդ Սանթրոսյանը՝ նշելով, որ այդ աշակերտները քննությունը կհանձնեն հուլիսի սկզբին՝ քննությունների երկրորդ փուլում։
Նա նաև տեղեկացրեց, որ Երեւանի թիվ 62 դպրոցում բացված քննական կենտրոնում քննությանը չի ներկայացել 8 դիմորդ։
Նշենք, որ այսօր՝ հունիսի 3-ին, մեկնարկել են միասնական ընդունելության քննությունները:
Դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























