Իրաքի արեւմտյան Անբար նահանգում անվտանգության ուժերի կողմից ոչնչացվել է 70 գրոհային, փոխանցում է «Աս Սումարիա» հեռուստաալիքը:

Նման գործողություն էր իրականացվել նաեւ անցյալ շաբաթ՝ Անբար եւ Նինեվիա նահանգներում: Ավիահարվածների հետեւանքով ոչնչացվել է 92 ծայրահեղական՝ «Իրաքի եւ Լեւանտայի իսլամական պետություն» խմբավորումից, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իրաքի ուժայիններն արդեն մի քանի ամիս է հակաահաբեկչական խոշոր գործողություն են իրականացնում Անբարում: Անցյալ տարվանից այդտեղ զոհվել են հարյուրավոր մարդիկ՝  կառավարական զորքերի զինվորականներ, ոստիկաններ եւ գրոհայիններ, քաղաքացիական անձինք:  Տեղի բնակիչները, փրկվելով բռնությունից, ընտանիքներով տեղափոխվում են երկրի այլ շրջաններ: 

Վերջին ժամանակներս կառավարական ուժերը աստիճանաբար ընդլայնում են իրենց ստուգումների աշխարհագրությունը՝ ահաբեկիչներին հետապնդելով նաեւ Իրաքի այլ շրջաններում: