ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից միլիարդ դոլար է խնդրել՝ Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար:  Ըստ նրա՝ բանակի կարիքների համար հավելյալ  սուբսիդավորումները կօգնեն հանդարտեցնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին: ԱՄՆ  գործընկերների անհանգստության պատճառը Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններն են, փոխանցում է Associated Press-ը:

Օբաման ասել է, որ այդ փողերը կուղղվեն Եվրոպայում տեղակայված զորքերի  նախապատրաստմանը եւ ռոտացիային: ԱՄՆ-ն պատրաստվում է ավելացնել իր ՌԾՈՒ-ն Սեւ եւ Բալթիկ ծովերում: Ամերիկացիները մտադիր են ավելացնել նաեւ ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկված, սակայն Ռուսաստանին սահմանակից երկրների ռազմական ներուժը՝ Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի, փոխանցում է Lenta.ru-ն:

Այդ ծրագրերի մասին Օբաման պատմել է Լեհաստան այցի ժամանակ, որից սկսվել է նրա եվրոպական քառօրյա շրջագայությունը: Վայրէջք կատարելով Վարշավայում՝ Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայի անվտանգությանն այնքան լուրջ է վերաբերվում, ինչպես իր անվտանգությանը: «Եվրոպայի  անվտանգությունն ապահովելը մեր պարտավորությունն է, որը հատկապես կարեւոր է հենց այս պահին»,- հայտարարել է նախագահը՝ նկարվելով ամերիկյան եւ լեհական F-16 կործանիչների ֆոնին: