«Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաների  միասնական ընդունելության քննության ժամանակ այսօր՝ հունիսի 3-ին, ոչ մի դիմորդի մոտ ծածկաթերթիկ կամ հեռախոս չի հայտնաբերվել: Երևանի պետական համալսարանում բացված քննական կենտրոնի ղեկավար Կարեն Նասիբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նման դեպքերում դիմորդը կհեռացվի քննությունից:

Նա նշեց, որ քննությունը ԵՊՀ-ում բացված քննական կենտրոնում անցել է առանց միջադեպերի:

«Քննությունը հանգիստ էր: Չէի ասի, որ երեխաներն ակտիվ էին. հեռախոս, չգիտեմ ինչ չունեին: Հանգիստ գրում էին: Հաշվի առնելով, որ նրանք կարող էին իրենց հետ գործիքներ բերել, ԳԹԿ ներկայացուցիչների թիվն ավելացրել էինք, անընդհատ վերահսկողության տակ  էին երեխաները»,- ասաց քննական կենտրոնի ղեկավարը:

Կարեն Նասիբյանը տեղեկացրեց, որ հիվանդության պատճառով քննությանը չներկայացած ուսանողները պետք է հիվանդության թերթիկ ներկայացնեն ԳԹԿ, որպեսզի քննությունների երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն ստանան:

Նշենք, որ միասնական ընդունելության քննություն ժամանակ դիմորդներն իրենց հետ քննական սենյակ կարող են մտցնել միայն գրիչ եւ հաշվիչ: Իրենց հետ բջջային հեռախոսներ կամ քաղցրավենիք ունենալու դեպքում դիմորդները դրանք թողնում են հանձնաժողովի մոտ: Քննության ընթացքում դիմորդները զուգարան գնում են միայն հսկիչների ուղեկցությամբ։ Քննաթերթիկը վերցրած ու քննասենյակից դուրս եկած ուսանողները  մինչեւ քննության ավարտն իրավունք չունեն  վերադառնալ սենյակ, անգամ եթե ինչ-որ իր են մոռացել այնտեղ։ 

Նշենք, որ այսօր՝ հունիսի 3-ին, մեկնարկել են միասնական ընդունելության քննությունները:

Դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից: