Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնը առաջարկել է վերացնել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում ԵՄ հատուկ ներկայացուցիչների պաշտոնները։ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչը Պիտեր Սեմնեբին է, իսկ Մոլդովայում` Կալման Միչեն: Նրանց լիազորությունների ժամկետը սպառվում է այս տարվա օգոստոսի 31-ին։ ԵՄ անդամ երկրները դեռ պետք է քննարկեն այս առաջարկը:

Սա, ըստ վերլուծաբանների, վկայում է այն մասին, որ Հարավային Կովկասի եւ Մոլդովայի նկատմամբ ԵՄ հետաքրքրությունը նվազել է:

Հարավային Կովկասից եւ Մոլդովայից զատ, ԵՄ-ն ունի եւս 9 հատուկ ներկայացուցիչ` Սուդանում, Կոսովոյում, Մակեդոնիայում, Բոսնիայում, Կենտրոնական Ասիայում, Աֆղանստանում, Աֆրիկայի Մեծ լճերի շրջանում, Աֆրիկյան միությունում եւ Մերձավոր Արեւելքում։ Քեթրին Էշթոնը առաջարկում է հրաժարվել հեռավոր շրջաններում ներկայացուցիչներից, միավորել Եվրոպական հանձնաժողովի որոշ պատվիրակություններ եւ պահել միայն նրանք, որոնք Եվրամիության համար ունեն մեծ նշանակություն։

Մեկնաբանները նշում են, որ Եվրոպական միության դիվանագիտական կորպուսի` Արտաքին գործողության ծառայության ստեղծումը ինքնին ենթադրել է հին համակարգի փոփոխություն, բայց Քեթրին Էշթոնի առաջարկների արմատական էությունը, այնուամենայնիվ, անսպասելի էր։

Սա, ըստ վերլուծաբանների, կարող է բացասական ազդեցություն գործել տարածաշրջանի երկրների կառավարությունների եւ մամուլի տեսակետները Եվրոպական միություն հասցնելու առումով։