Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվող բռնությունները կապված են Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։  Հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ պարզաբանելով, թե Հայաստանի իշխանությունները միջազգային հանրության կողմից թույլտվություն են ստացել զանգվածաբար խախտել մարդու իրավունքներն ու ազատությունները՝ դրա դիմաց խոստանալով զիջումների գնալ ԼՂ հարցում։

Այսպիսով, փաստորեն, գործող իշխանությունները պատրաստ են անգամ զոհել Ղարաբաղը, միայն թե շարունակեն պաշտոնավարել՝ հայտարարել է Զուրաբյանը։ Հարցին՝ ի՞նչն է հիմք տալիս նման հայտարարություն անելու, Զուրաբյանը պարզաբանել է՝ եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զիջումների գնալու մտադրություն չունենար, ապա պետք է գնար  հասարակական համախմբման ճանապարհով։ Այսինքն՝ ազատ արձակեր քաղբանտարկյալներին, վերաբացեր «Ա1+»-ը, բացահայտեր մարտի 1-ի սպանդի հեղինակներին եւ հասարակությանն ընդառաջ այլ քայլեր կատարեր։ Սակայն Սերժ Սարգսյանը այդ քայլերից եւ ոչ մեկը չի կատարում, ընդհակառակը՝ է՛լ ավելի է խորացնում հասարակական-քաղաքական  ճգնաժամը։

Սերժ Սարգսյանը գերադասում է ադրբեջանական եւ թուրքական ճնշումների հետ հաշտվելը, քան  հասարակական համախմբման ճանապարհով գնալն ու այսպիսով ԼՂ խնդրում միջազգային հանրության կողմից պարտադրվող ճնշումները չեզոքացնելը, հայտարարել է ՀԱԿ համակարգողը։ Նա նաեւ ուշագրավ համեմատություն է անցկացրել՝ նկատելով, թե Ազատության հրապարակը  իշխանությունների համար Ստալինգրադի ճակատամարտն է, եւ նրանք, բնականաբար, գերադասում են օկուպացված պահել այն։