Հայ մաթեմատիկոս Լեւոն Խաչատրյանի հիշատակին նվիրված կոնֆերանսը Երեւանում հավաքել էր բնագավառի հայտնի ներկայացուցիչներին: Երկու օրվա ընթացքում՝ հունիսի 2-ին եւ 3-ին, կոմբինատորիկայի բնագավառում նոր ձեռքբերումներն են ներկայացրել հայտնի մաթեմատիկոսներ Գերմանիայից, ԱՄՆ-ից, Հունգարիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից եւ Հայաստանից:
Նրանցից շատերը տարիներ շարունակ փորձել են լուծել Էրդյոշի հայտնի խնդիրները, որոնցից երկուսը լուծել է հենց Լեւոն Խաչատրյանը: Դրանք երկար ժամանակ համարվում էին հարյուրամյակի խնդիրներ:

Պոլ Էրդյոշ եւ Լեւոն Խաչատրյան
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հաղորդել է Լեւոն Խաչատրյանի եղբայր, ՀԳԱԱ ակադեմիկոս, Ամերիկյան համալրսարանի պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը, Լեւոնը 1991թ.-ին երեք ամսով հրավիրվել է Գերմանիա, Բիլեֆելդի համալսարան (Bielefeld University), սակայն ղեկավարն այլեւս նրան հետ չի թողել: Այն ժամանակ Լեւոնը 37 տարեկան էր: Նա Բիլեֆելդի համալսարանում աշխատել է 11 տարի, 2002թ.-ին 48 տարեկան հասակում մահացել է անհայտ պատճառներով:

Գուրգեն Խաչատրյան
Հայտնի մաթեմատիկոսներ Գյուլա Կատոնան (Gyula Katona, Renyi Institute, Budapest, Hungary) եւ Զոլտան Ֆուրեդին (Zoltan Furedi, University of Illinoiis, Urbana, USA and Renyi Institute, Budapest, Hungary) NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ Լեւոն Խաչատրյանը բեկում է մտցրել բազմությունների տեսության զարգացման գործում: Ե՛վ Ֆուրեդին, ե՛ւ Կատոնան բավական լավ էին ճանաչում Լեւոն Խաչատրյանին, եւ որ ամենահետաքրքիրն է, իրենք էին փորձում լուծել Էրդյոշի խնդիրները:

Գյուլա Կատոնա եւ Զոլտան Ֆուրեդի
Կատոնան, ով արդեն երրորդ անգամ է Հայաստանում, կիսվել է իր հիշողություններով դեռ 1971թ.-ին Հայաստան առաջին այցելության վերաբերյալ: Նա Ծաղկաձորում մասնակցում էր գիտական կոնֆերանսի, իսկ բոլոր մասնակիցների անձնագրերը հավաքել էին ու պահում էին Երեւանում, ինչ-որ գրասենյակում: «Այստեղից ես պետք է անմիջապես ԱՄՆ մեկնեի, սակայն պետք էր մեկ օր շուտ գնալ: Մեր անձնագրերը հավաքել էին եւ պահում էին երեւանյան ինչ-որ գրասենյակում. շատ դժվար էր մեկ օր շուտ իմ անձնագիրը ետ վերցնել: Այն ժամանակ ամեն ինչ բարդ էր, եւ ես մեկ անձնագիր ունեի Արեւելքի՝ Խորհրդային Միության, եւ մյուսն ԱՄՆ-ի համար: Այնպես որ ստիպված էի մեկնել Հունգարիա, ուրիշ անձնագիր վերցնել, գումար, այնուհետեւ մեկնել ԱՄՆ: Այժմ ամեն ինչ շատ ավելի հեշտ է»,- պատմել է գիտնականը:
Նա նաեւ պատմել է միջադեպի մասին, որը պատահել է Լեւոն Խաչատրյանի հետ արդեն 1990թ.-ին՝ քաղաքական մեծ փոփոխությունների ժամանակ:
«Լեւոնին հրավիրել էինք Հունգարիա կոնֆերանսի, հյուրանոցի համար էլ վճարել էինք: Նա ցանկանում էր իր հետ վերցնել կնոջն ու դստերը: Նա տանից չէր ժամանելու, այլ մեկ ուրիշ երկրից, չեմ հիշում, թե որ, սակայն այնտեղ չէին ընդունում խորհրդային-հայկական անձնագիր, եւ նրան թույլ չտվեցին Հունգարիա մուտք գործել, իսկ կինն ու դուստրը ժամանեցին եւ վայելում էին կոնֆերանսը»,- պատմել է Կատոնան:
Լեւոն Խաչատրյանի հիշատակին նվիրված կոնֆերանսին, Կատոնայից եւ Ֆուրեդիից բացի, մասնակցել են Վիկտոր Զինովեւը Տեղեկատվության հաղորդման խնդիրների մոսկովյան ինստիտուտից, Վլադիմիր Լեոնտեւը Մոսկվայի պետական համալսարանից, Քրիստիան Բեյն ու Պետեր Վագները Գերմանիայից եւ իրենց բնագավառում ճանաչված այլ գիտնականներ:
Կոնֆերանսը կազմակերպվել է Ամերիկյան համալսարանի եւ Գիտության պետական կոմիտեի կողմից՝ մասնավոր հովանավորների աջակցությամբ:


Անահիտ Սարգսյան




























