Նազարբաեւի խոսքերից հետո հայկական քաղաքական միտքը ուշքի չի գալիս. առանց խորանալու ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ ԱԺ փոխխոսնակի մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք թանկ են նստելու ԼՂՀ վրա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով մայիսի 29-ին, Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությանը:
«Այդ հայտարարությունների իմաստն այն է, որ բա իհարկե Ղարաբաղը հո Հայաստանի հետ ՄՄ կամ Եվրազես չի մտնում։ Ադրբեջանական day.az-ը եւ zerkalo-ն ցնծության մեջ են. իբր թե հայերն ահա խոստովանում են, Ղարաբաղը Հայաստան չէ։
Պարոնայք, միթե նախորդ գրառումից չհասկացաք, որ ԼՂՀ-ն տնտեսապես Հայաստան է։ Երբ ԱՀԿ էինք մտնում հարցն էլ հենց այն էր, որ քանի որ ԼՂՀ քաղաքական ճակատագիրը դեռ որոշված չէր, ապա մինչ այդ (որոշվելը) Արցախը պետք է առեւտուր աներ։ Ադրբեջան ճամփեքդ բացո՞ւմ ես, որ ԼՂՀ-ն առեւտուր անի։ Պատասխան՝ ոչ։ Հայաստան՝ դո՞ւ։ Պատասխան այո։ Եվ ուրեմն Հայաստանի մաքսային օրենքներով առեւտուր անելն օրինական է ԼՂՀ համար։ Սա էր, որ պետք է պատասխան տրվեր Նազարբաեւին։ Սա է, որ գոնե հիմա պիտի ասվի։ Ախր ԱՀԿ մտնելիս այսպես է հաղթահարվել ԼՂՀ խնդիրը։ ԱՄՀ-ն ֆինանսավորում է ՀՀ դրամը, որն օգտագործվում է նաեւ ԼՂՀ-ում։ 1994թ փետրվարին Հայաստանը ՀԲ-ից 24 մլն դոլար վարկ է ստանում, երբ պատերազմը Ղարաբաղում շարունակվում էր։ Այդ ի՞նչ արտգործնախարար է նախագահի կողքին, որ այս ամենը չգիտի։ Իրականում Նազարբաեւը հնարավորություն էր տվել Ալիեւին հստակ պատասխանելու։ Իսկ դո՞ւք»,-գրել է Բագրատյանը:
Հիշեցնենք, Աստանայում մայիսի 29-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Նազարբաեւը հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակի մասին, որում կոչ էր պարունակում՝ Հայաստանը Եվրասիական միութունում ընդգրկել միայն վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, այսինքն առանց Ղարաբաղի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























