Եվրախորհրդարանի կողմից վերջերս ընդունված 2216 բանաձեւը աննախադեպ փաստաթուղթ է՝ հունիսի 1-ին  հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։  «Մեզ համար պարզ է, որ Ղարաբաղի շուրջ օղակը սեղմվում է։ Մենք զգուշացրել էինք, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը տապալվելու է, եւ դրանից հետո միջազգային ճնշումները կենտրոնանալու են  Հայաստանի վրա: Այժմ մենք տեսնում ենք այդ պրոցեսը, եւ Եվրախորհրդարանի աննախադեպ բանաձեւը դրա արտացոլումն է»,-հայտարարել է ՀԱԿ համակարգողը։  Նա միաժամանակ հավելել է, որ ԵՄ-ում Հայաստանի դիրքերը միշտ եղել են շատ ուժեղ, իսկ ԵՄ բանաձեւերը ԼՂ խնդրի վերաբերյալ՝ միշտ եղել են բալանսավորված ու  հայանպաստ։  Իսկ «օկուպացված տարածքների» մասին դրույթը միջազգային բանաձեւերում առաջին անգամ հայտնվել է 2005 թվականին՝ ԵԽԽՎ հայտնի բանաձեւում, երկրորդ անգամ 2008 թ. մարտին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւում, իսկ երրորդ անգամ՝ ընդամենը վերջերս ԵՄ-ի կողմից ընդունված 2216 բանաձեւում։

Հարցին, թե ինչո՞ւ է օկուպացիայի մասին դրույթը գնալով արմատավորվում միջազգային բանաձեւերում՝ Զուրաբյանը պատասխանեց, վերհիշելով Հայաստանի նախկին իշխանությունների վարած քաղաքականությունը։ Մասնավորապես, ըստ նրա, մինչեւ 1998 թվականը ՀՀ իշխանությունները վարում էին այնպիսի քաղաքականություն, ըստ որի՝  ԼՂ խնդիրը կոնֆլիկտ էր Ադրբեջանի բռնատիրական իշխանությունների եւ ԼՂ-ի միջեւ։ «ԼՂ խնդիրը միջազգային հանրության կողմից ընկալվում էր որպես ԼՂ ժողովրդի պայքարն ինքնորոշման համար, իսկ Հայաստանն ընկալվում էր կողմ, որը  չունենալով տարածքային որեւէ հավակնություններ Ադրբեջանի նկատմամբ, պատրաստ էր ցանկացած լուծման, որը կգոհացներ միաժամանակ ԼՂ-ին եւ Ադրբեջանին»,-նկատել է ՀԱԿ համակարգողը։ Այսպիսի քաղաքականությունն, ըստ նրա, թույլ Հայաստանին զերծ էր պահում Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեղադրանքից՝ միջազգային հանրությանը դնելով ծանր կացության մեջ, ստիպելով հաշվի նստել ԼՂ գործոնի հետ։ Սակայն, Զուրաբյանի խոսքով, 1998-ից հետո իշխանության եկավ մի ուժ՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, ով գործարքի գնաց միջազգային հանրության հետ եւ բանակցություններում ներկայացրեց միաժամանակ ԼՂ-ն ու Հայաստանը։ Այս գործարքի հետեւանքով էլ մենք ունեցանք կորուստներ, քանի որ ԼՂ հակամարտությունն այլեւս ընկալվեց որպես հայ-ադրբեջանական միջպետական հակամարտություն։ Հենց սրանով է պայմանավորված այն, որ միջազգային փաստաթղթերում Հայաստանն անվանվում է «օկուպանտ»:

«Ռոբերտ Քոչարյանը սկսեց այս քաղաքականությունը, իսկ Սերժ Սարգսայնն էլ շարունակում է այն։ Եւ դրա համար է միջազգային հանրությունը ամրացնում նրանց դիրքերը»,-նկատեց Զուրաբյանը։ Դիտարկմանը՝ կարելի՞ է ասել, որ 1998-ի իշխանափոխությունը թելադրված էր միջազգային հանրության կողմից, ընդդիմության ներկայացուցիչն արձագանքել է, թե այդպիսի մոտեցման մեջ ռացիոնալ հատիկ կա։