Հայաստանի կառավարությունը հավանություն չի տվել «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացնող պատգամավորների կողմից մշակված` պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների չեղարկման մասին օրինագծին: Հայտարարությունը կառավարության հունիսի 4-ի նիստին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է հնչեցրել: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարությունն արդեն իսկ աշխատում է կենսաթոշակային բարեփոխման մասին նոր օրինագծի մշակման ուղղությամբ, որին նաեւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են մասնակցելու: Բացի այդ, ՕԵԿ-ի ներկայացրած նախագիծը այլ օրենքներում («Պետական կենսաթոշակների մասին», «Եկամտահարկի մասին», «Ներդրումային հիմնադրամների մասին») անհրաժեշտ փոփոխություններով չի ուղեկցվում:
Հիշեցնենք` մայիսի 19-23-ին կազմակերպված արտահերթ նիստերի ընթացքում Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների նախագծին` ժամանակավորապես դադարեցնելով պարտադիր կուտակային վճարումների մասին դրույթը: Համաձայն Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի վճռի, կենսաթոշակային համակարգը կարգավորող օրենքի վերջնական տարբերակը պետք է մինչեւ սեպտեմբերի 30-ը ուժի մեջ մտնի:




























