Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել ամուսնական զույգերին ընտանի կենդանիներ պահելու փոխարեն երեխաներ ունենալ: The Huffington Post-ի փոխանցմամբ՝ Վատիկանում պատարագի ժամանակ հոգեւոր առաջնորդը խիստ քննադատել է այն ընտանիքներին, որոնք չեն ցանկանում ժառանգներ ունենալ՝ մտածելով սեփական բարօրության համար:
«Դուք կարող է ձեզ թույլ տալ ճանապարհորդել ամբողջ աշխարհում, արձակուրդ մեկնել, երբ ձեր խելքին փչի, առանձնատուն գնել, անհոգ կյանք վարել: Իհարկե, շատ ավելի հարմար է ձեռք բերել շուն կամ երկու կատու եւ սիրել այդ կատուներին ու շանը: Սակայն, վերջիվերջո, վերահաս ծերությունը ստիպում է զգալ մենության դառնությունը», - հայտարարել է Ֆրանցիսկոսը, հաղորդում է Lenta.ru-ն:
Ինչպես նշում է պարբերականը, Պապի հայտարարությունը հնչել է ժողովրդագրական իրավիճակի մասին վերջին տվյալների ֆոնին, որոնք հաստատում են, որ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ծնելիությունը անկում է ապրել: Իտալիայում ծնելիության մակարդակը նախորդ տարի ռեկորդային նվազագույնի է հասել՝ 515 հազար մարդ:




























