Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանն այսօր՝ հունիսի 4-ին, այցելել է Աբովյանի շախմատի դպրոց, որտեղ ծնողներին հավաստիացրել է, որ դպրոցը չի փակվելու, չնայած առաջին հարկը սեփականաշնորհել է նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի հիմնադիր տնօրեն, միջազգային գրոստմայստեր Նաիրա Մովսիսյանը:

«Քաղաքապետը հանդիպեց ծնողների հետ եւ խոստացավ, որ կամ նոր շենք կկառուցվի, կամ մոտակայքում այլ շենք կվերակառուցեն եւ մեզ կնվիրեն: Ամեն դեպքում հարցը մինչեւ սեպտեմբեր կլուծվի»,- ասաց նա:

Նաիրա Մովսիսյանի խոսքով՝ իրենք արդեն ազատել են շենքի առաջին հարկը, որտեղ պարապմունքներ էին անցկացնում:

«Երկրորդ հարկը գործելու է, այնտեղ մրցաշարեր եւ վերապատրաստումներ են լինում: Օգոստոսի միջազգային մրցաշար ունենք, որն անպայման լինելու է: Մենք միայն պարապմունքների անցկացման խնդիր ունենք, սակայն քաղաքապետը խոստացավ հարցը ամառային արձակուրդների ընթացքում լուծել»,- ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Աբովյանի շախմատի դպրոցի ծնողները բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ահազանգելով, որ դպրոցի ապագան վտանգված է: 2006թ.-ից բացված դպրոցը տարիներ շարունակ պատկանել է քաղաքապետարանին, սակայն օրեր առաջ «հայտնվել է» սեփականատեր Կարապետ Իսրայելյանն ու հայտարարել՝ տարածքն ազատել: Ծնողները խնդրում էին ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահին հարցին լուծում տալ: