Ուժի կիրառման սպառնալիքները եւ զինադադարի պարբերական խախտումները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցություններից հետո, լրատվամիջոցներին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.

«Ես վերահաստատեցի Հայաստանի ցանկությունն օր առաջ գտնելու այս բարդ խնդրի հանգուցալուծումը: Մենք համակարծիք ենք, որ ռազմական ուղիով խնդիրը չի կարող լուծվել, այլ միայն ավելի է բարդացնելու այս հարցը:

Երբ խոսվում է վստահության ամրապնդման միջոցառումների մասին, մենք հստակ նշում ենք, որ դրանց թվում առաջնահերթը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքի դրսեւորումն է: Ի վերջո, այս պայքարն ինքնորոշման հիմնարար իրավունքի համար մղվող ազգային-ազատագրական պայքար է, եւ չի կարող լինել լուծում, եթե լիարժեքորեն հաշվի չառնվի այս իրականությունը: Մեր խորին համոզմունքն է, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը: Մենք արձանագրեցինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այդ հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ձեւաչափն է:

Երկուստեք նշեցինք ԵԱՀԿ բոլոր կառույցների հետ Հայաստանի Հանրապետության արդյունավետ փոխհամագործակցությունը, եւ ես խնդրեցի ԵԱՀԿ գործող նախագահին փոխանցել հեղինակավոր այդ կառույցի մեր բոլոր գործընկերներին Հայաստանի անկեղծ շահագրգռվածությունը ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտներում փոխգործակցության շարունակական խորացման հարցում»: