Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձեւավորվել է համագործակցության բովանդակալից եւ ընդգրկուն օրակարգ: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցություններից հետո, լրատվամիջոցներին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա մասնավորապես, նշել է.

«Ուրախ եմ ողջունելու Երեւանում բարեկամ Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուլկհալտերին եւ իր գլխավորած պատվիրակությանը:

Մենք քննարկեցինք հայ-շվեյցարական համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության համատեքստում անդրադարձանք տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության արդի մարտահրավերներին եւ փոխգործակցության խնդիրներին:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձեւավորվել է համագործակցության բովանդակալից եւ ընդգրկուն օրակարգ. կայացել են նախագահական փոխայցեր, հիմնվել են դեսպանություններ, կառուցողական երկխոսություն է ծավալվել արտաքին գերատեսչությունների եւ խորհրդարանների միջեւ: Շվեյցարիայի կողմից իրականացվել են Հայաստանի համար չափազանց կարեւոր աջակցության ծրագրեր:

Դրական գնահատեցինք երկկողմ առեւտրի վերջին տարիներին արձանագրվող կայուն աճը, ինչի շնորհիվ եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան մեր 4-րդ առեւտրային գործընկերն է: Մեր շահագրգռվածությունը հայտնեցի Հայաստանում շուրջ 40 շվեյցարական ընկերություններ ներառող գործարար համայնքի ընդլայնման հարցում՝ ողջունելով այս մայիսին Ցյուրիխում հայ-շվեյցարական գործարար համաժողովի անցկացումը եւ շվեյցարացի գործարարների առաջիկա այցը Հայաստանի Հանրապետություն:

Որպես հայ-շվեյցարական համագործակցության համեմատաբար նոր կարեւոր հարթակ՝ մենք առանձնացրեցինք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ նաեւ հաշվի առնելով, որ պարոն նախագահը ժամանակին սերտ առնչություն է ունեցել այդ կազմակերպության հետ:

ԵԱՀԿ հարթությունում վերահաստատեցինք համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը: Մեկ անգամ եւս պարոն Բուրկհալտերին ասացի, որ Հայաստանը սատարելու է Շվեյցարիային ԵԱՀԿ-ում նախագահության բոլոր փուլերում: Մենք կարեւորում ենք Շվեյցարիայի՝ միջազգային հարաբերություններում անկողմնակալ եւ ազնիվ միջնորդի հայտնի համբավը: Հավատացած ենք, որ Շվեյցարիայի նախագահությունը կանի առավելագույնը ԵԱՀԿ օրակարգի առաջմղման համար՝ անկեղծ եւ արդյունավետ երկխոսություն խթանելու, ԵԱՀԿ սկզբունքների պահպանմանը հետեւելու եւ անդամ երկրների միջեւ արդյունավետ քաղաքական երկխոսությունը սատարելու միջոցով»: