Հայաստանը Ռուսաստանի ձեռքին գործիքի է վերածվել, եւ դա տեղի է ունեցել երկրի քաղաքական ղեկավարության թողտվությամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Քաղաքական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա համոզմամբ, Հայաստանի քաղաքական տարածքում չի մնացել եւ ոչ մի սուբյեկտ, որի հետ քաղաքացին կարող է հույսեր կապել:
«Հայաստանի քաղաքացիները պետության ճակատագիրը պետք է իրենց ձեռքը վերցնեն: Պետք է ներկայիս ընթացող իրադարձություններին կատարելապես հակառակ բաներ մտածել», - նշեց Մեհրաբյանը, հավելելով, որ անհրաժեշտ է կանխել Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը: Սակայն տվյալ պահին փորձագետը երկրում ոչ մի լուրջ քաղաքական ուժ չի տեսնում, որը կարող էր իրականացնել դա:





























