Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ Պալատի` Հայոց ցեղասպանությունը հերքող, ազգությամբ թուրք Դողու Փերինչեքի գործով առաջին լսումները 2014թ. նոյեմբերի 5-ին տեղի կունենան: Տեղեկությունը, թուրքական մամուլին վկայակոչմամբ, «Nouvelles d'Arménie» ֆրանս-հայկական պարբերականն է հաղորդում:
Հունիսի 2-ին դատարանն ընդունել էր հիշյալ գործով Շվեյցարիայի կառավարության ներկայացրած վճռաբեկ բողոքը: Դատավորները, հայցվորի խնդրանքով, գործի քննությունը Մեծ պալատին ներկայացնելու մասին որոշում էին կայացրել:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2013թ. դեկտեմբեր ամսին բավարարել էր թուրք հակահայ գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի կառավարության` հիմնավորելով, թե կայացված վճիռը խոսքի ազատության սկզբունքի վրա է հիմնված: Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահը 2008թ. Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության հրապարակային հերքման համար դատական հետապնդման էր ենթարկվել: Վճռաբեկ բողոքի ներկայացման վերջնաժամկետից մի քանի օր առաջ Շվեյցարիայի կառավարությունը Եվրոպական դատարանի Մեծ պալատին թուրք ազգայնականի գործով կայացված վճռի դեմ հայց է ներկայացրել:





























