Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 1-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Դաչինսկուն՝ Հայաստանում Լեհաստանի ռազմական կցորդի գրասենյակ ստեղծելու կապակցությամբ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանության նախարարը նշել է, թե 2009թ. նոյեմբերին Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի Հայաստան կատարած այցելությունը նոր էջ է բացել հայ-լեհական ռազմական համագործակցության պատմության մեջ:

Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Լեհաստանի նորաստեղծ ռազմական կցորդի գրասենյակը՝ ի դեմս գնդապետ Դարիուշ Պոգորժելսկու, կնպաստի երկու պետությունների միջեւ ստեղծված վստահության մթնոլորտի ամրապնդմանը եւ միջազգային կայունության ու խաղաղության ապահովմանը: