Իսրայելական զինուժի կողմից Գազայի հատված հումանիտար օգնություն տանող նավերի վրա  հարձակումից հետո Իսրայելի նման գործելակերպը դատապարտել է նաեւ Թուրքիայի հրեական համայնքը:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ`Թուրքիայի հրեական համայնքի ներկայացուցչի տարածած հայտարության մեջ նշվել է. «Տխրությամբ լսեցինք, որ դեպի Գազա ընթացող Mavi Marmara նավի դեմ ռազմական գործողություններ են իրականացվել:  Մամուլից ստացված տեղեկությունները, որ գործողությունների ընթացքում զոհեր են եղել, մեզ ավելի տխրեցրեց:  Մենք մասնակցում ենք թուրք հասարակության արձագանքին եւ կիսում հասարակության վիշտը»:

Նմանատիպ հաղորդագրությամբ է հանդես եկել նաեւ Թուրքիայի Անթաքիայի հրեաների հիմնադրամի նախագահը` նշելով, որ դատապարտում են Իսրայելի կողմից նման քայլը եւ նավերին նման կերպ կանգնեցնելու հետեւանքով Թուրքիայում առաջացած արձագանքը ճիշտ են համարում եւ միանում են դրան:

Նշենք, որ իսրայելական տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ` իսրայելական զինուժի գործողությունների ընթացքում զոհվել է մինչեւ 19 մարդ:

Թուրքիան արագ արձագանքել է այս միջադեպին: Նա ետ է կանչել Իսրայելում իր դեսպանին, չեղյալ հայտարարել Իսրայելի հետ համատեղ անցկացվելիք զորավարժությունները: