Ռուսաստանի Ռոստովի մարզի Ուկրաինային սահմանակից 15 տարածքներում արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել: Այդ մասին հրամանը ստորագրել է շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը հունիսի 4-ի երեկոյան:
Ինչպես հաղորդում է Դոնի Ռոստովի նահանգապետի մամուլի ծառայությունը, արտակարգ իրավիճկաի սահմանման համար հիմք է ծառայել հարեւան Ուկրաինայի հարավարեւելյան մարզերից Ռոստովի մարզի ժամանող մարդկանց ժամանակավոր կացարաններում կենսաապահովման պայմանների անհրաժեշտությունը: «Նահանգապետ Վասիլի Գոլուբեւի հրամանի համաձայն՝ ԱԻ գոտին տարածվում է Ազով, Գուկովո, Դոնեցկ, Զվերեւո, Նովոշախտինսկ, Տագանրոգ քաղաքների, ինչպես նաեւ Նեկլինովսկի, Մատվեեւո-Կուրգանսկի, Կույբիշեւսկի, Ռոդիոնովո-Նեսվետաեւսկի, Կրասնոսուլսկի, Կամենսկի, տարասովսկի, Միլերովսկի, Չերտկովսկի շրջանների վրա»,- մամուլի ծառայությանն է մեջբերում «Ինտերֆաքսը»:
Բացի այդ Գոլուբեւը «Twitter»-ի իր միկրոբլոգում հաղորդել է. «ԱԻ ռեժիմը թույլ կտա արագ կազմակերպել Ուկրաինայի հարավ-արեւելքից փախստականների հավելյալ ժամանակավոր կացարաններ: Վերջին օրերի ընթացքում նրանց թիվը նկատելիորեն աճում է: Հիմնականում գալիս են կանայք, ծերեր ու երեխաներ: Պետք է օգնել հարեւաններին»: Մամուլի ծառայության տվյալներով՝ արտակարգ իրավիճակի ռեժիմն առաջին հերթին վերաբերում է մունիցիպալ, շրջանային կառույցներին, որոնք պատասխանատոի են ԱԻ հետեւանքների մասին նախազգուշացման եւ դրանց չեզոքացման համար: Այն թույլ կտա առավել օպերատիվ եւ օրինական հիմնունքներով կազմակերպել ժամանակավոր կացարանների աշխատանքներն եւ տուժած մարդկանց սնունդը: Սակայն, ինչպես հայտնի է, Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայից փախստականների թվի աճի մասին ռուսական կողմի տեղեկությունը:





























