Հայաստանը Սահմանադրության դինամիկ զարգացում ապահովող մեխանիզմի ստեղծման կարիք ունի, հունիսի 5-ին մեկնարկած սահմանադրական բարեփոխումների նախագծի երկօրյա քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Քննարկմանը մասնակցում են քաղաքական ուժերի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՍԴ նախագահը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների նախագծի հիմնական ուղղությունները եւ հիշեցրել, որ հանրային քննարկումների արդյունքում Սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողովը կկողմնորոշվի մի քանի կարեւոր հարցերում:

Խնդիրներին անդրադառնալով՝ Գագիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանն այդպես էլ չկարողացավ սահմանադրական դրույթների էվոլյուցիոն զարգացման մեխանիզմ գտնել: Շատ երկրներ գտել են այդ  կարեւոր հարցի լուծումը: ՍԴ նախագահը որպես օրինակ է նշել Գերմանիան, որը հիմնական օրենքն ընդունել է 1949թ., իսկ հետագա տարիներին երկու հարյուրից ավելի փոփոխություն կատարել՝ ապահովելով դրա դինամիկ զարգացումը: «Հայաստանում հիմնական շեշտը վիրահատական միջամտության վրա է դրվում: Սա կարեւոր խնդիր է, որը լուծման կարիք ունի», - նշել է  ՍԴ նախագահը՝ հավելելով, որ  սահմանադրական բարեփոխումների  նախորդ հանրաքվեից հետո շուրջ 500 օրենքներ հակասահմանադրական են ճանաչվել: Ավելին, Սահմանադրության դրույթների մի մասը դեկլարատիվ բնույթի է եւ չի  իրագործվում: 

Մեկ այլ խնդիր է օրենքի գերակայության սկզբունքի իրացումը: Եթե այս սկզբունքը չի պահպանվում, բազմաթիվ այլ օժանդակ խնդիրներ են ծագում, որոնք կանխելն ավելի հեշտ է  քան լուծելը:

Գագիկ Հարությունյանը նշել է, որ հանրային պատասխանատվության ինստիտուտի ստեղծումը թույլ կտա եթե ոչ վերացնել, ապա կրճատել պաշտոնյաների կողմից սուբյեկտիվ մոտեցումների ցուցանիշը: Միաժամանակ ՍԴ նախագահը մատնանշել է իշխանության ճյուղերի միջեւ հավասարակշռության խախտումը:

ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը նշել է, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկմանը չափազանց մեծ է քաղաքական ուժերի դերակատարությունը՝ կարեւոր չէ՝ իշխանամետ, թե ընդդիմադիր: «Այս նվագախմբում բոլորն են կարեւոր եւ այն ղեկավարում է հայ ժողովուրդը», - ընդգծել է ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը:

Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը հայտարարել է, որ ուրախ է երկրում դեպի լավն ուղղված փոփոխություններ տեսնելու համար եւ այդ համատեքստում է դիտարկում սույն միջոցառումը:

Քննարկումները կազմակերպել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, GIZ կազմակերպությունը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am