Արմավիրի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, Վանաձորի զորամասերից մեկի զինծառայող, 20-ամյա Մնացական Մինասյանին, որին մայիսի 29-ին տեղափոխել են Երեւանի Մուրացանի անվան հոսպիտալ՝ ոտքի «մենիսկը» վիրահատելու, չեն վիրահատելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մնացականի մայրը՝ Նարինե Հարությունյանը:
«Ոտքը ռենտգեն են արել, ասում են՝ խնդիր չունի, բայց երեխաս նեղվում է, ծունկն անընդհատ տեղից դուրս է ընկնում, բայց որոշել են չվիրահատել: Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Ախր քայլելիս նեղություն է տալիս, դրա համար բերեցին, հասցրին Երեւան, որ չվիրահատե՞ն: Չեմ հասկանում ոչ մի բան»,- ասաց նա:
Նարինե Հարությունյանի խոսքով՝ որդու վիճակն օրեցօր վատանում է, իսկ իրենց միակ ցանկությունը՝ նրան վիրահատելն ու առողջ տեսնելն է:
Ավելի վաղ զինծառայողի մայրը NEWS.am-ին պատմել էր, որ որդին երեք տարի առաջ ծանրամարտով զբաղվելիս վնասել էր ոտքը, այդ ժամանակ բժիշկները խորհուրդ էին տվել վիրահատել, սակայն ծնողները չէին համաձայնվել:
«Դրանից հետո մեկ տարով բանակ գնալը հետաձգեցին, բայց դե ի վերջո էս տարվա հունվարի 20-ին տարան: Հիմա էնտեղ ոտքից շատ է բողոքում, չի կարողանում նորմալ քայլել, ոտքը կարճանում է: Բացի դրանից՝ հրամանատարները ոչ մի բան հաշվի չեն առնում, ստիպում են, որ ամեն ինչ անի, ասում են՝ եկել ես, պիտի անես, մեզ չի հետաքրքրում»,- ասել էր Նարինե Հարությունյանը:





























