ՀԱԿ-ը չի մասնակցի սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումներին, հայտարարել է խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հունիսի 5-ին մեկնարկած սահմանադրական բարեփոխումների նախագծի երկօրյա քննարկման ժամանակ:

Ընդդիմադիրն ընդգծել է, որ այս պահին Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա: Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխությունների գաղափարը հղացել են իշխանությունները եւ դրանք նրանց հարկավոր խնդիրն են լուծում՝ իշխանության պահպանումը: Արամ Մանուկյանը նշել է, որ տապալվել են արտաքին եւ ներքին մարտահրավերներին դիմակայելուն ուղղված անհրաժեշտ գործողությունները, տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծումները, երկիրը ժողովրդագրական աղետի շեմին է: Ելնելով վերոգրյալից՝ ՀԱԿ-ը չի մասնակցի սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկումներին:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրել է, որ իր ներկայացրած քաղաքական ուժը եւս չի մասնակցի քննարկումներին եւ այստեղ ներկա է բացառապես միայն նրա համար, որ հրավեր է ստացել եվրոպական կազմակերպություններից: Ամբողջությամբ համաձայնելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի այն խոսքերին, թե գործընթացի դիրիժորը պետք է ժողովուրդը լինի, ընդդիմադիրն ընդգծել է, որ ցավոք գործնականում դա այդպես չէ, եւ դիրիժորը համերգասրահից կիլոմետրերով հեռու է: Զուգահեռաբար  Արմեն Մարտիրոսյանը ափսոսանք է հայտնել, որ Սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողովը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է գլխավորում: Ըստ նրա՝ նման կարեւոր կառույցի ղեկավարը պետք է ձգտեր հեռու մնալ շահերի բախման կենտրոնից:

Այնուհետ Արմեն Մարտիրոսյանը  հայտարարել է, որ իշխանությունների ընտրությունները կեղծվել են, ուստի ոչ լեգիտիմ իշխանությունները չեն կարող սահմանադրական բարեփոխումներ կատարել: Ըստ նրա՝ երկրին հարկավոր են բարեփոխումներ, մասնավորապես՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը, բայց ոչ ներկայիս իշխանությունների ձեռքով: Միաժամանակ ընդդիմադիրը եվրոպական կառույցներին  ասել է, որ չարժե համագործակցել ընտրակեղծարարների հետ:

Նրան ի պատասխան Գագիկ Հարությունյանը հակադարձել է, որ հանձնաժողովում իր ղեկավարությունը պայմանավորված է բացառապես նրանով, որ դա փորձագիտական հանձնաժողով է: