Քաղաքականությանը մոտ կանգնած մարդիկ շատ լավ էլ գիտեին, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու էր առանց Արցախի, իսկ Արցախի հարցը կարելի է քննարկել` կամ որպես անկախ երկիր, կամ որպես առանձին օղակ: Այս մասին այսօր` հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

«Հայաստանի նպատակն է, որ մտնի Եվրասիական տնտեսական միություն եւ մտնելու է, Արցախը այստեղ կապ չունի: Հետագայում հետեւանքներ կլինեն, որոնցից մեկն էլ Արցախի հարցն է: Սակայն դեռ չգիտենք` Արցախի հարցը ոնց է լուծվելու` դրական, թե բացասական: Այս հարցը կլուծվի հաջորդ փուլում, սակայն դեռ չեմ ցանկանում ասել, թե ինչ կլինի»,- ասաց նա:

Լեռնիկ Ալեքսանյանի համար նորմալ է, երբ հասարակությունը քննարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցը, սակայն միեւնույն ժամանակ հիշեցնում է, որ նման խոսակցությունները միշտ էլ եղել են:

Մինչդեռ ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը համոզված է, որ ոչինչ էլ պարզ չէր, իսկ Նազարբաեւի հայտարարությունն ուղղակի զզվանք առաջացրեց հայ ժողովրդի մեջ. «Եթե ամեն ինչ պարզ էր, կարելի էր չմասնակցել Եվրամիության ֆորումի: Ես չեմ մտածում, որ պարզ կատեգորիաներից ելնելով` պետք է քաղաքականություն ձեւավորել: Ես հասկանում եմ, որ աշխարհի ուժեղներն ու հզորները կարող են ամենատարբեր մոտեցումներ դրսեւորել: Սակայն Ղազախստանի նախագահի խոսքը զզվանք առաջացրեց հայ ժողովրդի մեջ: Բոլոր դեպքերում հասկանալի էր, որ կարող էր նման հայտարարություն անել, սակայն շատ վիրավորական էր: Ի՞նչն էր պարզ, ես չեմ հասկանում, իսկ Սերժ Սարգսյանը պետք է պատասխաներ, գոնե կես բառով պետք է պատասխաներ»:

Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի ավարտին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մինչեւ հունիսի 15-ը միանալու հարցը քննարկման դնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ամենակարճ ժամկետներում Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել: