Արագածոտնի մարզի Արագածավան  գյուղի բնակիչ Յուրիկ Ավդոյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանը ապօրինի հատելու համար եւ դատապարտվել ազատազրկման՝ 9 ամիս ժամկետով:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ըստ մեղադրանքի՝ Յուրիկ Ավդոյանը 2014 թվականի մարտի 11-ին` առանց պատշաճ թուլտվության ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի վարչական տարածքի հատվածով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ ապօրինի մուտք գործել Թուրքիայի հանրապետության տարածք, սակայն բռնվել է իրավապահ մարմինների կողմից եւ 2014 թվականի մարտի 14-ին հանձնվել է ՀՀ պետական սահմանի պահպանությունն իրականացնող` ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ ՍԶ  N  զորամասի զինծառայողներին:

Նրանց կողմից նույն օրը՝ ժամը 19:00-ին, Յուրիկ Ավդոյանը հանձնվել է ՀՀ ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցներին:

Մինչ դատաքննությունը սկսելը՝ ամբաստանյալ Յուրիկ  Ավդոյանը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:

Մեղադրողը չէր առարկել արագացված դատական քննության կարգ կիրառելու դեմ, դատարանն էլ բավարարել էր միջնորդությունը: